AM
11 Փետրվար 2021 - 06:24 AMT

Սյունիքի սահմանամերձ տարածքներ այցելելու համար ԶԼՄ-ներին ԱԱԾ համաձայնությունն է պետք

Այսուհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ-ները պետք է ունենան Ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, տեղեկացնում են ԱԱԾ սահմանապահ զորքերը։

Նշվում է, որ դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով, ինչպես նաև հիմք ընդունելով Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը։

Տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով անհրաժեշտ է ունենալ ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում նաև էլեկտրոնային տարբերակով) դիմել կառույց:

Սյունիքում պատերազմից հետո բազմաթիվ ցույցեր են անցկացվել․ բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սյունիքի սահմաններին տեղի ունեցողը ոչ թե մարզը հանձնելու պրոցես է, այլ ընդհակառակը՝ մարզի անվտանգությունն ապահովելու համար է։

Նախատեսվում է սահմանամերձ համայնքների ցանկում ներառել պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 բնակավայր: