AM
11 Փետրվար 2021 - 07:44 AMT

Վահան Բադասյանի խափանման միջոցը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ

Դատախազ Գևորգ Սարգսյանի կողմից կայացվել է Արցախի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված այլ խափանամն միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա նշել է, որ «առանձին շրջանակների կողմից իրողությունների աղավաղմամբ հանրության զգացական ընկալումների վրա խաղալով շարունակվում է ձևավորվել այն անհեթեթ կարծիքը, թե, իբր, Բադասյանը կալանավորվել է մշտական բնակության վայր չունենալու հիմքով»:

«Մինչդեռ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Բադասյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու մասին իր օրինական և հիմնավոր որոշման մեջ արձանագրել է ոչ միայն հիմնավոր կասկածի, այլ նաև՝ օրենքով սահմանված կալանավորման մի քանի հիմքերի առկայությունը, որոնք փաստարկված ներկայացված են եղել նաև վարույթն իրականացնող մարմնի միջնորդության մեջ»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ, ի թիվս այլ հիմքերի, դատարանը, հատկապես շեշտել է Բադասյանի կողմից նոր հանցավոր արարք կատարելու բարձր հավանականությունը:

«Այսուհանդերձ՝ ելնելով նախաքննության ընթացքում իրականացված քննչական, դատավարական գործողությունների և 10.02.2021թ. ստացված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարությունների կատարման արդյունքներից, հաշվի առնելով իր գործողությունների հակաիրավական բնույթ ունենալու հանգամանքը գիտակցելու, դրանք պահի ազդեցության տակ կատարած լինելու, ազատության մեջ մնալու դեպքում պատշաճ վարքագիծ դրսևորելու պարտավորվածության վերաբերյալ Բադասյանի կողմից ցուցմունքով տրված հավաստիացումները, ինչպես նաև նրա ընտանեկան դրությունը, պատերազմական գործողություններին մասնակցությունը և առողջական վիճակը՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականցնող դատախազ Գևորգ Սարգսյանի կողմից կայացվել է Վահան Բադասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանամն միջոցով՝ չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշում»,-ասվում է գրառման մեջ:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Բարգավաճ Հայաստանի» իր գործընկերների, ինչպես նաև անկախ պատգամավորներ Արման Բաբաջանյանի ու Սոֆյա Հովսեփյանի հետ միջնորդութուն էին ներկայացրել ազատամարտիկ Վահան Բադասյանի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։

Բադասյանը բերման է ենթարկվել հունվարի 28-ին «Եռաբլուրում» արած հայտարարություններից հետո, երբ նշել էր, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Նրա խոսքով՝ «թշնամուն պետք է հեռացնել՝ ընդուպ մինչև զենքի միջոցով»։ Դրանից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ, ավելի ուշ՝ կալանովրվել։ Բադասյանի դեմ քրգործ կա։ Բադասյանը մեղադրվում է ՔՕ 301 հոդվածով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը։