AM
11 Փետրվար 2021 - 09:17 AMT

Սյունիքի և Գեղարքունիքի մոտ 40 բնակավայր կներառվի սահմանամերձների ցանկում

Պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի 39 բնակավայր կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում: Կառավարությունը պատրաստվում է գրավոր ընթացակարգով նման որոշում ընդունել։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նիստում հայտարարել է, որ այդ համայնքների թիվը, ընդհանուր առմամբ, կհասնի 77-ի:

Փոփոխությունների արդյունքում բնակիչները կօգտվեն սահմանամերձ համայանքների համար նախտեսված արտոնություններից։

Այդ համայնքների բնակիչները կազատվեն գույքահարկից, մասնակի փոխհատուցումներ (50 տոկոս) կստանան կոմունալ վճարների համար։ Նաև դպրոցական դասագրքերն անվճար կտրամադրվեն աշակերտներին։

Այսուհետ Սյունիքի սահմանամերձ տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ-ները պետք է ունենան Ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը։ Այդ մասին հայտարարել է ԱԱԾ-ն։Նշվում է, որ դա պայմանավորված է ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով։