Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն Ազատության հրապարակում, պատասխանելով հարցին, թե ինչ է նախաձեռնելու շարժումը, եթե մինչև 2023 թ․ չլինեն ընտրություններ, ասել է․ «Մինչև 2023 թիվը, Աստված գիտի` Հայաստանը կլինի՞, թե չի լինի»:
Մանուկյանը հավելել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցանկություն-նախաձեռնություն ընտրություններին իրենք առանձնակի նշանակություն չեն էլ տվել, քանի որ ի սկզբանե էլ պարզ չէր`«դա խորամանկությո՞ւն է, անելո՞ւ է, չի՞ անելու. ինքն էլ հետ նահանջեց իր ասածից»: Ընդդիմության նախագիծը դրանից չի փոխվել, մնացել է նույնը` համաժողովրդական շարժումով նրան փոխել, գրում է «Առավոտը»։
Լրագրողները նշել են, որ սահմանադրական ճանապարհով Փաշինյանին հեռացնելու ուղիներ այս պահին չկան և հետաքրքրվել, թե ինչ տարբերակներ է քննարկում ընդդիմությունը:
Վազգեն Մանուկյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ պետք է ամեն ինչ անել, որ համաժողովրդական շարժում լինի: Մի քանի հարյուր հազար մարդ կա, որոնք որ սարսափելի էմոցիոնալ դժգոհության մեջ են, բայց միլիոն մարդ էլ կա, որոնք որ դժգոհ են Նիկոլ Փաշինյանից, բայց հավես չունեն մասնակցելու այս ամեն ինչին, տարբեր պատճառներով կոտրված են: Պետք է կարողանալ այդ մարդկանց փողոց հանել, որ լինի համաժողովրդական շարժումը` իր ամբողջ տպավորիչ ծավալով»:
Մանուկյանը համոզված է, որ Փաշինյանը կամավոր չի հրաժարվելու պաշտոնից մի քանի պատճառով, որոնցից մեկն էլ նրա վախն է, թե ինչ պատասխան է տալու իշխանությունը կորցնելուց հետո:
Ըստ Մանուկյանի, պետք է կոտրել Նիկոլ Փաշինյանի հենարանները` ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը, ոստիկանության բարձրաստիճան այն սպաներին, որոնք դաժան ծեծի էին ենթարկում մարդկանց և էլ մեկ-երկու բան, որոնց «կոտրելու» դեպքում, ըստ Վազգեն Մանուկյանի, իշխանական համակարգը կփլվի:
Հանրահավաքի ժամանակ Մանուկյանը հայտարարել է․ «Մենք հաղթել ենք պատերազմներ, պարտվել ենք պատերազմներում, երբեմն երկիր ենք կորցրել, բայց այսպիսի դավաճանություն, որ երկրի ղեկավարն առանց ժողովրդին տեղյակ պահելու, ժողովրդի մեջքի հետևից պետությունը ծախի, այդպիսի բան չէինք տեսել»,- ասել է նա։
Ավելի վաղ Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ փետրվարի 20-ին իրենք սկսելու են հանրահավաքները, բայց փետրվարի 12-ի հանրահավաքը կազմակերպվում է` ընդդեմ երրորդ եռակողմ պայմանավորվածության, որի մասին մինչև 2021-ի փետրվար չէր հայտարարվել։
Փետրվարի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը բացի նոյեմբերի 10-ի՝ պատերազմի դադարեցման և հունվարի 11-ի՝ տրանսպորտային ապաշրջափակման մասին պայմանավորվածություններից, ադրբեջանական ու ռուսական կողմի հետ ևս մեկն ունի՝ կապված Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի հետ։






