AM
13 Փետրվար 2021 - 09:40 AMT

ԱՆ. Եթե աշխատողը Covid-19-ով վարակվածի կոնտակտավոր է, հեռավար կամ հերթափոխով պետք է աշխատի

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է, որ ըստ ԱՆ 08․04․2020 թվականի 17-Ն հրամանում կատարված փոփոխությունների, եթե աշխատողը կորոնավիրուսի հաստատված դեպքի կոնտակտավոր է, ապա հեռավար կամ հերթափոխով պետք է աշխատի:

Անհնարինության դեպքում կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

Աշխատողի տանը դեպքի առկայության մասին գործատուն տեղեկանում է աշխատողի կողմից ներկայացրած՝ տանը կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անդամի հիվանդությունը հաստատող համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթից:

Փոփոխություն է կատարվել նաև հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և նախակրթարանների համար սահմանված նորմերում. ըստ դրանց՝

– դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները,

– դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1.5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորություն,

– դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։

Փոփոխություն է կատարվել նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկներում։

Անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլոր տնտեսավարողերի համար։

Հայաստանում փետրվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,022-ի, կորոնավիրուսից մահվան 3140 դեպք կա, այլ պատճառով՝ 789։ Առողջացածների ընդհանուր թիվը 160,942 է։ Փաստացի բուժվողների թիվը 4151 է։