Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ահազանգեր են ստացել Երևանի Այվազովսկու (Էրեբունի) և Սմբատ Զորավարի (Շենգավիթ) փողոցներում երկրաշարժից ավերածությունների մասին։
ԱԻՆ-ից հայտնում են, որ հետցնցումային ակտիվություն կա, որը գնալով մարում է։
«Գրանցվել է շուրջ 46 հետցնցում (17:30-ի դրությամբ)։ Բնակչությանը հորդորում ենք դեռևս մնալ դրսում՝ բաց տարածքում»,-ասել են նախարարությունից՝ նշելով, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից նախնական տվյալներով ավերածություններ չկան։
«Երևանի Էրեբունի համայնքում մեկ ինքնաշեն տնակ է վնասվել, մեկ քաղաքացի թեթև վնասվածք է ստացել: Մի քանի տեղերում երեսպատման սալիկներ են ընկել: Նախնական տվյալներով տուժածներ չկան»,-ասել է նա։
Վարչապետի փոխանցմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը նախնական տվյալներով Արմավիրի մարզի Փարաքար գյուղի մոտակայքում է եղել:
Փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11:29-ին) Երևանից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ է եղել։ Ցնցումները զգացվել են նաև 5 մարզում։ Հայաստանի տարածքում երկրաշարժ էր գրանցվել նաև փետրվարի 5-ին և 6-ին։






