AM
18 Փետրվար 2021 - 08:58 AMT

4 ամսով 68,000 դրամի միանվագ աջակցություն՝ արցախցիներին․ Ծրագրին 30 մլրդ դրամ կուղղվի

Արցախի քաղաքացիները ևս 4 ամիս 68,000 դրամի միանվագ աջակցություն կստանան, Կառավարությունը հավանություն է տվել համապատասխան որոշման նախագծին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ որոշումը չի վերաբերում 18-68 տարեկան հաշմանդամություն չունեցող տղամարդկանց։

Արցախցիներին ևս 4 ամիս աջակցություն տրամադրելու ծրագրի շրջանակում նախատեսվում է ուղղել 30 մլրդ դրամ։

63 տարեկանից բարձր կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցողներն աջակցությունից օգտվելու համար դիմում գրելու անհրաժեշտություն չեն ունենա․ նրանք այն կստանան Արցախի սոցապնախարարությունից տրամադրվող կենսաթոշակների հետ։

Մյուս քաղաքացիները հնարավորություն կունենան փետրվարի 25-ից լրացնել դիմումներ։

Նախարարը նշել է, որ ծրագրով՝ միջին վիճակագրական՝ 5 հոգանոց ընտանիքի դեպքում 320,000 դրամի աջակցություն է նախատեսվում:

Առաքելյանի խոսքով՝ Կառավարությունը մինչև 20 որոշում ունի՝ արցախահայերին աջակցելու մասով, դրանցից որոշներն ամբողջությամբ կատարված են, մնացածը՝ ընթացքի մեջ են։

Նախարարը նշել է, որ արցախցիներին աջակցություն տրամադրման՝ արդեն իրականացված ծրագրերին հատկացվել է 21․5 մլրդ դրամ, առկա ծրագրերով՝ մինչև 3 մլրդ դրամի լրացուցիչ բյուջե կա, որը շահառուները շարունակելու են ստանալ։ Նախարարի խոսքով՝ ընդհանուր առմամաբ Կառավարության կողմից իրականացված ծրագրերով հատկացվում է 55 մլրդ դրամ։