ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի քննչական վարչությունում կատարված նախաքննությամբ մեղադրանք է առաջադրվել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ագարակ քաղաքի բնակիչը համայնքապետարանի 16.02.2007 թ. մրցույթում հաղթելով` վարձակալության իրավունքով, տարեկան 18,000 դրամ վարձավճարով 25 տարի ժամկետով ձեռք է բերել արոտավայր հանդիսացող 0,02 հա հողատարածքը, որը համայնքի ղեկավարի որոշման և կնքված պայմանագրով ենթավարձակալության է տրամադրվել հեռահաղորդակցության օպերատոր ընկերության՝ ամսական 50,000 դրամ /տարեկան 600,000 դրամ/ վարձավճարով և վերջինիս վրա ընկերությունն, հողի պատակային նշանակությունը փոխված չլինելու պայմաններում ապօրինի կառուցել է շարժական կապի բջջային կայան:
2008թ. նոյեմբերի 13-ից Ագարակ համայնքի, ապա 2016թ․սեպտեմբերի 24-ից Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար հանդիսացող Մ. Զ.-ն, տեղյակ լինելով վերոնշյալին, պայմանագիրը միակողմանի խզելու փոխարեն 2009թ․ապրիլի 1-ին համայնքի անունից քաղաքացու հետ կնքվել է համաձայնագիր, որի համաձայն՝ վերջինիս վարձակալած հողատարածքի վարձավճարը փոփոխվել և տարեկան 18,000 դրամի փոխարեն սահմանվել է 300,000 դրամ: Իսկ 2011թ․ հուլիսի 27-ին, կրկին օրենսդրության պահանջը կատարելու փոխարեն, իր կողմից կայացված որոշմամբ նրան տուգանել է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ հողամասի նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու պարտավորությունը խախտելու համար:
Արդյունքում՝ 2008թ․ նոյեմբերի 13-ից մինչև 2021թ․ հունվարն ընկած ժամանակահատվածում համայնքի բյուջե 7,350,000 դրամի փոխարեն վճարվել է 3,657500 դրամ, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես համայնքային բյուջե չի վճարվել 3,692,500 դրամ:
Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող՝ ՀՀ Սյունիքի մարզի դատախազության դատախազի որոշմամբ Մ. Զ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ Քրեական օրենսգրքի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասի (պատժվում է 2-6 տարի ազատազրկմամբ):
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






