AM
19 February 2021 - 07:31 AMT

Նախագիծ․ Փոփոխություն բուհ ընդունելության կարգում՝ 1-ին փուլում դիմորդը կհայտագրի միայն 1 մասնագիտություն

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել բուհերի ընդունելության կարգի փոփոխության նախագիծ, որով առաջին փուլում դիմորդը կհայտագրի բացառապես 1 մասնագիտություն։

Նախագծով սահմանվում է, որ բուհերի ընդունելության մրցույթն անցկացվում է հիմնական և լրացուցիչ փուլերով: Հիմնականի մրցույթն անցկացվում է բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) հայտագրմամբ: Դիմորդն ընդունելության դիմում-հայտում լրացնում է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով առկա ուսուցման մասնագիտությունների և ընդունելության քննությունների՝ ցանկով նախատեսված մեկ բուհի և մեկ մասնագիտության անվանումը, տվյալ մասնագիտությամբ սովորելու համար սահմանված ընդունելության քննությունները, տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը:

Հիմնական փուլի մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:

Լրացուցիչ փուլի մրցույթն անցկացվում է մեկ կամ ավելի բուհերի մինչև 6 մասնագիտության հայտագրմամբ, եթե տվյալ մասնագիտությունների առարկաներից դիմորդն ունի դրական գնահատականներ, և այդ մասնագիտություններում (անվճար և վճարովի) առկա են թափուր տեղեր: Այսպիսով՝ հայտագրման այս եղանակը հնարավորություն է տալիս մասնագիտական հստակ կողմնորոշում ունեցող դիմորդներին ընդունվել բուհ՝ իրենց նախընտրած մասնագիտությամբ։

Գործող կարգով սահմանված է, որ դիմորդներն ընդունելության դիմում-հայտը և փաստաթղթերը հանձնում են այն բուհում, որի մասնագիտությունն ընդունելության դիմում-հայտում հայտագրել են առաջինը: Նախագծով ամրագրվում է հայտագրման, փաստաթղթերի ներկայացման առցանց եղանակը՝ ընդունելության քննությունները կազմակերպող և անցկացնող Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքի միջոցով։

Գործող կարգով դիմորդները դիմում-հայտում հայտագրում են մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 5-րդ, 6-րդ տեղերում հայտագրված մասնագիտություններով բուհ ընդունվում են շատ քիչ դիմորդներ, իսկ 7-րդ տեղից հետո հայտագրված մասնագիտություններով ընդունելություն լինում է գրեթե բացառիկ դեպքերում: Բացի դրանից՝ 8 մասնագիտություն հայտագրելը նվազեցնում է մասնագիտական կողմնորոշմամբ բուհ ընդունվելու հնարավորությունը, քանի որ դիմորդները, հաճախ նախընտրած մասնագիտությունից բացի, հայտագրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք պարզապես ունեն նույն մրցութային քննությունները: Արդյունքում՝ բազմաթիվ դիմորդներ, դուրս մնալով նախընտրած մասնագիտության մրցույթից, ընդունվում են այլ մասնագիտություններով:

Նախագծով սահմանվել է արտոնություն մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդների համար, այն է՝ զորացրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդունելության քննությունները դրական միավորներով հանձնելու դեպքում, ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվելու հնարավորություն՝ ըստ ՀՀ կառավարության հաստատած տեղերի:

Տվյալ մասնագիտության գծով բանակից զորացրվածների համար անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս: