AM
19 February 2021 - 08:12 AMT

Սփյուռքի գործերով հանձնակատարը կգործուղվի ՌԴ՝ գործարար շրջանակների հետ հանդիպելու

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կգործուղվի ՌԴ՝ գործարար շրջանակների հետ հանդիպելու և գործակցության հարցեր քննարկելու:

Նրան կուղեկցի հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ Լիանա Սիմոնյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան որոշումը։

Գործուղումը կտևի փետրվարի 24-ից մինչև մարտի 7-ը ներառյալ. Մոսկվա՝ փետրվարի 24-ից մինչև մարտի 3-ը, Տյումեն` մարտի 3-4-ը, Չելյաբինսկ՝ մարտի 4-5-ը, Եկատերինբուրգ՝ մարտի 5-7-ը:

Նրանք կգործուղվեն հետպատերազմյան շրջանում ՌԴ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակույթի գործիչների, լրագրողների հետ հանդիպելու և հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով:

Գործուղման ավարտից հետո եռօրյա ժամկետում դրա արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացվի վարչապետի աշխատակազմ: