Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արագած Ախոյանի խափանման միջոցի հարցով դատախազության բողոքը, Ախոյանը կշարունակվի գտնվել ազատության մեջ: Այս մասին հայտարարել է նախկին պատգամավորի պաշտպան Բենիկ Գալստյանը, փոխանցում է Hetq.am-ը:
Արագած Ախոյանը մեղադրվում է Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ: Հունվարի 28-ին քաղաքացիները Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա են իրականացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, և մասնակիցներից ոմանք փորձել են մուտք գործել Կառավարության շենք։
Այս դեպքից հետո երկու տասնյակից ավելի քաղաքացի, այդ թվում նաև՝ Արագած Ախոյանը բերման են ենթարկվել:
Ախոյանին ու ևս 4 անձի մեղադրանք է առաջադրվել, նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարան:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժել էր Ախոյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը, որի դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել:






