AM
19 Փետրվար 2021 - 14:48 AMT

ԱԱԾ․ Քաշաթաղի ոստիկանության շրջբաժնի պետի տեղակալը Ջաբրայիլից ապօրինի զենք-զինամթերք է տեղափոխել ՀՀ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է զենք-զինամթերքը մարտի դաշտից ապօրինի ձեռք բերած և ՀՀ ապօրինի տեղափոխած ևս մեկ անձի ինքնությունը: Մասնավորապես, ապացույցների բավարար համակցություն է ձեռք բերվել, որ Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի պետի՝ ծառայության գծով տեղակալ Ա.Բ.-ն, որպես ոստիկանության ծառայող մասնակցելով պատերազմական գործողություններին, մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար բազմիցս մեկնելով Ջրականի (Ջաբրայիլի) տարածք, ապօրինի ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփշտատուփ` 8 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներով, 32 հատ փոքր տրամաչափի փամփուշտներ, զենք մաքրելու համար նախատեսված պարագաներ, օպտիկական սարքավորումներ, որսորդական հրացաններ, 227 հատ 7,62 մմ տրամաչափի փամփուշտներ, 1033 հատ 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ, 1 հատ նռնակ, հրազեն հանդիսացող ընդհանուր թվով 45 հատ «ԱԿ» տեսակի տարբեր մոդելների ինքնաձիգներ:

Նշված ռազմամթերքը 2020-ի սեպտեմբերի 27-ից մինչև նույն թվականի նոյեմբեր, մաս-մաս, ապօրինի փոխադրել և պահել է իր ծանոթ Ս.Գ.-ի՝ Սյունիքի Տեղ գյուղում՝ դրանց մի մասը հետագայում իրացնելու նպատակով: Իսկ իրերի մյուս մասը, ոստիկանության տվյալ ստորաբաժանման ցուցանիշները բարելավելու և խրախուսանքների ու պարգևատրումների արժանանալու խմբային շահերից ելնելով, ցանկացել է պատերազմի ավարտից հետո փոխանցել իր համար վստահելի քաղաքացիների, որպեսզի վերջիններս դրանք ինքնակամ ներկայացնեն ոստիկանության տվյալ բաժին։

Այսինքն, ոստիկանության ծառայող Ա.Բ.-ն, նախապատրաստվել է անցնել իր պաշտոնեական լիազորությունները՝ սակայն այդ գործողություններն ավարտին չի կարողացել հասցնել իր կամքից անկախ հանգամանքներով՝ ապօրինի մեծածավալ զենքերը հայտնաբերվել և վերցվել են ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ա.Բ.-ն իր կողմից ապօրինի ձեռք բերած «ԱԿ» տեսակի ինքնաձիգներից երկուսը որոշակի գումարի դիմաց ապօրինի իրացրել է իր ծանոթ Ս.Բ.-ին, ով ինքնաձիգները պահել է իր բնակարանում, որից հետո, նոյեմբերի 3-ին, յուրաքանչյուր ինքնաձիգը 500-600 դոլար գումարով իրացնելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել այլ անձի հետ:

Ա.Բ.-ն ձերբակալվել է և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելը) 2-րդ մասով (պատժվում են 2-6 տարի ազատազրկմամբ՝) և ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի) և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: