AM
5 March 2009 - 17:30 AMT

Աշնանը կկայանա ռուս պրիմադոննայի հրաժեշտի համերգը Երեւանում

Ալլա Պուգաչովան իր 60-ամյա հոբելյանի պատվին «Ապրիլից ապրիլ» հոբելյանական շրջագայության շրջանակներում կայցելի Երեւան: Այդ շրջագայությամ երգչուհին ծրագրում է ավարտել իր համերգային գործունեությունը: Այդ մասին Ռուսաստանի ժողովրդական արտիսստուհին հայտնեց մարտի 5-ին` Երեւան-Թբիլիսի-Մոսկվա-Կիեւ-Քիշինեւ հեռուստակամուրջի շրջանակներում: «Ես բեմը հրաժեշտի համար չեմ համբուրելու: Պաշտոնապես ես ցանկանում եմ ասել, որ համերգային գործունեությունը կդադարեցնեմ որպես երգչուհի Ալլա Պուգաչովա, այն բանից հետո, երբ դժվարությամբ կիրականացնեմ «Ապրիլից ապրիլ» հոբելյանական շրջագայությունը: Հնարավոր է դա ժամանակին չէ, չէ՞ որ հիմա ճգնաժամ է եւ անհրաժեշտություն կլինի գումար վաստակելու, բայց անորակ բաների վրա ես գումար չեմ վաստակելու»,- կատակել է երգչուհին:

Ալլա Պուգաչովայի խոսքով, համերգային գործունեությունը դադարեցնելու պատճառ են դարձել առողջության հետ կապված խնդիրները, որոնք թույլ չեն տալիս հաճախ շրջագայել, եւ նստած ձայնը, որը վիրահատությունների արդյունքն է: Այդպիսով, ավելացրել է երգչուհին, ինքը հնարավորություն չունի ձայնի օգնությամբ արտահայտելու իր զգացմունքներն եւ տրամադրությունը, ինչը կցանականար:

Երգչուհին պատրաստվում է այսուհետ ինքնարտահայտվել այլ ոլորտների միջոցով: Նա ծրագրում է իր ժամանակը նվիրել իր կողմից ստեղծված «Ալլա» ռադիոյի, թատրոնի, կինոյի, հրատարակչական գործունեության զարգացմանը, ինչի համար գերադասել է զոհաբերել իր երգչուհու կարիերան:

Հոբելյանական շրջագայության շրջանակներում Ալլա Պուգաչովան այս տարվա աշնանը պատրաստվում է համերգով հանդես գալ նաեւ Երեւանում: Մինչ այդ Մոսկվայում` Լուժնիկների Ռոսիա համերգասրահում ծրագրվում են երեք մենահամերգներ եւ հոբելյանական համերգ, որը կկայանա ապրիլի 15-ին` երգչուհու ծննդյան օրը: Նրա խոսքով, համերգինն ելույթ կունենան իր շատ ընկեր-արտիստներ եւ նրանք, ում հետ ինքը միշտ ցանկացել է զուգերգ կատարել: Երգչուհին համերգներով հանդես կգա նաեւ Ռուսաստանի, Գերմանիայի եւ ԱՊՀ երկրների զանազան քաղաքաներում:

ՌԽԴՍՀ Վաստակավոր արտիստուհի (1980), ՌԽԴՍՀ Ժողովրդական արտիստուհի (1985), ԽՍՀՄ Ժողովրդական արտիստուհի (1991), Ռուսաստանի Պետական պրեմիայի դափնեկիրը իր երգչուհու կարիերան սկսեց 16 տարեկանում Համամիութենական ռադիոյի «Բարի լույս» ծրագրի համար «Ռոբոտ» երգի ձայնագրությամբ: 44 տարվա կարիերայի ընթացքում երգչուհի Ալլա Պուգաչովան թողարկել է 60 ձայնասկավառակ: