Մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը, հայտարարել են Մայր աթոռ սուրբ Էջմիածնից՝ նշելով, որ իրենք խորը մտահոգությամբ հետևում են զարգացումներին:
Մայր աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և քաղաքական բոլոր ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ հանուն հայրենիքի և ժողովրդի:
«Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։ Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից»,-հայտարարել են Էջմիածնից:
44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:






