AM
2 Մարտ 2021 - 08:01 AMT

Անհետ կորած զինվորի հարազատներից $15,000 հափշտակելու դեպք է բացահայտվել

ԱԱԾ-ն անհետ կորած զինծառայողի հարազատներից խարդախությամբ խոշոր չափի գումար հափշտակելու դեպք է բացահայտել։

Պարզվել է, որ Վ. Ղ.-ն, տեղեկանալով, որ ժամկետային զինծառայող Հ. Ա.-ն անհետ կորել է պատերազմում, 2021թ. հունվարին վերջինիս հորը՝ Ա. Ա.-ին, վստահություն ներշնչելու նպատակով խաբեությամբ ներկայացել է որպես օտարերկրյա պետության որոշակի անձանց շրջանում կապեր ունեցող անձնավորություն:

Ա. Ա.-ի հետ հանդիպումների ընթացքում Վ. Ղ.-ն նրան հայտնել է, թե իբր ճշտել է, որ որդին գտնվում է Ադրբեջանի ՔԿՀ-ներից մեկում, որտեղից վերջինիս նախ այլ երկիր, իսկ այնուհետև՝ ՀՀ տեղափոխելը կազմակերպելու համար անհրաժեշտ է տալ $30,000՝ արտերկրում գտնվող իր վստահելի անձանց:

Միաժամանակ, Ա. Ա.-ին մոլորեցնելու, նրա գիտակցության և կամքի վրա ներազդելու նպատակով Վ. Ղ.-ն հայտնել է, թե իբր նշված գումարից $15,000 վճարվելու է «Սպիտակ խաչ» նախաձեռնության կողմից, իսկ մնացած $15,000 պահանջել է Ա. Ա.-ից: Հափշտակության նպատակը քողարկելու համար Վ. Ղ.-ն 2021-ի փետրվարի 22-ին Ա. Ա.-ին առաջարկել է նշված գումարը նոտարական կարգով ձևակերպել որպես վերջինիս կողմից իրեն պարտքով տրվող գումար:

Իրագործելով իր հանցավոր մտադրությունը՝ Վ. Ղ.-ն 2021-ի փետրվարի 24-ին՝ ժամը 15:45-ի սահմաններում, Երևանի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող սրճարանում Ա. Ա.-ից խաբեությամբ ստացել է 7,896,750 դրամին համարժեք նշված 15,000 դոլարը, որից անմիջապես հետո բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ իր կամքից անկախ հանգամանքներով չկարողանալով հանցագործությունն ավարտին հասցնել:

Դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ ՔՕ 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի (առանձնապես խոշոր չափի խարդախություն) 1-ին կետով (պատժվում է 4-8 տարի ազատազրկմամբ) հարուցված քրգործի շրջանակներում Վ.Ղ.-ն ձերբակալվել է: Կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները և տուժողների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: