AM
5 Մարտ 2021 - 07:14 AMT

Ճաղարյան․ ՔԱԿ բացատրությունից ստացվում է՝ տաջիկ օդաչուներն են առևանգել Boeing-ը, չեմ հավատում

Վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը, անդրադառնալով Fly Armenia Airways ավիաընկերության՝ Իրանում հայտնված Boeing 737 օդանավին, հայտարարել է, որ ՔԱԿ բացատրությունից ստացվում է՝ տաջիկ օդաչուներն են առևանգել օդանավը, ինչին ինքը չի հավատում։

Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է, որ 10 օր առաջ է առաջին գրառումը կատարել օդանավի վերաբերյալ և 3 հարցադրում արել․ ի՞նչ էր սա` առևանգու՞մ, խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն:

«Օդաչուն առանց ավիաընկերության կողմից նախօրոք տրված պլանի թռիչքուղի չի ընտրում: Նախնական պլանը տրվում է, տարանցիկ երկրների օդային տարածքի օգտագործման և վայրէջքի օդանավակայանի թույլտվությունները հարցվում են 2-3 օր առաջ (ըստ երկրների պահանջի): Այնպես որ Տալլին-Վառնա թռիչքը նախապատրաստվել է այն կատարելուց ամենաքիչը 2 օր առաջ: Իսկ օդաչուներն իրենց աշխատանքը սկսում են թռիչքից ընդամենը 1-1.5 ժամ առաջ: Տալիս են արդեն նախօրոք հայցված, և ստացված թույլտվությունների հիմքով կատարվող թռիչքի կատարման պլանը: Դուք դեռ չգիտե՞ք՝ ով է տվել պլանը և ինչ երթուղով․․․

Հարց 1. Տաջիկ օդաչուները Վառնայում գիշերել են փետրվարի 19-ին: Ե՞րբ են շահագործող ընկերությունն ու ավիացիոն իշխանություններն իմացել դրա մասին: Իմ գրառումից հետո՞:

Հարց 2. Քանի՞ օր է պետք Թուրքիայի վրայով թռչելու թույլտվությունը ստանալու համար: Միայն չասեք, որ տաջիկ առևանգող-օդաչուները եկել են օդանավակայան, խզբզել flight plan-ը, ու առանց սպասելու թռել, մտել Թուրքիայի տարածք, և անարգել հատել երկիրն ամբողջ երկարությամբ։

Հարց 3. Ո՞նց են «ուղղություն վերցրել դեպի էմիրաթական Շարժա»: Առանց IOSA աուդիտի առկայության (միջազգային ամենահեղինակավոր աուդիտներից մեկն է) Էմիրությունների օդային տարածքը փակ է հայկական գրանցմամբ օդանավերի համար: Fly Armenia Airways-ն ունի՞ այդպիսի աուդիտ, կամ գոնե հատուկ թույլտվություն տեխնիկական վայրէջքի համար»,- ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ Fly Armenia Airways ավիաընկերության՝ Իրանում հայտնված Boeing 737 օդանավը (գրանցման համարը EK-FAA), որը պետք է մեկներ Ուկրաինա, բայց անհայտ պատճառնելով արտակարգ վայրէջք է կատարել Թեհրանում, Երևան տեղափոխելու նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, իսկ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել։