120 օրվա գերությունից վերադարձածի համար հայրենի գյուղում` Լոռու Աքորիում, տուն կկառուցվի, հայտնել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Քիչ առաջ հերթական այցը կատարեցի տիկին Անիչկայի վագոն-տնակ` այս անգամ բոլորովին այլ լուրերով։ Մետաղական փոքրիկ խարխուլ տնակը, որտեղ բնակվում են 120 օրվա գերությունից վերադարձած մեր եղբայրը, մայրը` տիկին Անիչկան և զարմուհին` 7-ամյա Անգելինան, հեռացնելու ենք և տեղում կառուցենք գեղեցիկ քարաշեն տուն` հագեցած ջերմամեկուսացման համակարգով, նոր կոմունիկացիոն գծերով, բոլոր հարմարություններով»,- գրել է նա։
Մկրտչյանը հայտնել է, որ տունը կառուցելու է Համբուրգի հայ համայնքի նախագահ Սերժ Անգելյանը, կամակերպչական հարցերում իրեն օժանդակել է ընկերը՝ Աշոտ Ավետյանը։ Պատգամավորը նշել է, որ փաստաթղթային աշխատանքներն արդեն սկսված են, ճարտարապետական աշխատանքներից հետո կմեկնարկի տան կառուցումը։
44-օրյա պատերազմից հետո Հայաստան են վերադարձել գերիներից որոշները, սակայն Ադրբեջանում դեռ հայ գերիներ կան։ Նրանց հստակ թվի մասին տվյալներ չկան։






