AM
9 Մարտ 2021 - 11:33 AMT

Զույգաղբյուրի և Արեգնադեմի համայնքապետարաններում առերևույթ յուրացումների դեպքերով քրգործեր են հարուցվել

Շիրակի մարզի Զույգաղբյուրի և Արեգնադեմի համայնքապետարաններում առերևույթ յուրացումների և վատնումների դեպքերով քրգործեր են հարուցվել։

Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, այդ թվում նաև ԱԱԾ-ից, որ համայնքների նախկին ղեկավարների աշխատած ժամանակահատվածում, համայնքապետարանում թույլ են տրվել ֆինանսատնտեսական բնույթի մի շարք չարաշահումներ։

Մասնավորապես, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Զույգաղբյուր գյուղի նախկին համայնքապետ Գ.Ս.-ի պաշտոնավարման ընթացքում՝ 2008-2016թթ., համայնքի բյուջեից որպես ուսանողների ուսման վարձ, դուրս է գրվել ընդհանուր՝ 2.4 մլն դրամ գումար (հատկացումներ են կատարվել նաև համայնքի բնակիչ չհանդիսացող անձանց, աշխատակիցների հարազատներին), սակայն նշված գումարից մոտ 1.8 մլն դրամ գումարի, որպես ուսման վարձ, փոխանցման վերաբերյալ փաստաթղթային հիմքերը, այդ թվում՝ գումարների ելքի օրդերները բացակայում են:

Բացի այդ, Զույգաղբյուր համայնքի նախկին ղեկավար Գ. Ս.-ն, երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով համայնքի բյուջեից դուրս է գրել ընդհանուր՝ մոտ 2մլն դրամ, ինչը, որպես սոցիալական աջակցություն, չարդարացված կերպով տրամադրել է համայնքի թվով 6 բնակիչներին՝ կազմված և հաստատված փաստաթղթային հիմքեր առկա չեն:

Նաև ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արեգնադեմի նախկին ղեկավար Ա.Հ.-ի պաշտոնավարման ընթացքում՝ 2010-2015թթ., համայնքի անապահով ընտանիքներին դրամական օգնություններ տրամադրելու նպատակով, համայնքի բյուջեից 27 բնակիչների տվյալներով դուրս է գրվել խոշոր չափերի՝ ընդհանուր 1.4մլն դրամ գումար: Սակայն նշված բնակիչներն իրենց տրամադրված գումարները չեն ստացել, նրանց այդ գումարները չեն հատկացվել։

Նշված դեպքի առթիվ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել են քրեական գործեր:

Մասնավորապես, Զույգաղբյուրի համայնքապետարանին առնչվող դեպքի առթիվ քրեական գործը հարուցվել է ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին և 3-րդ կետերի (պատժվում է տուգանքով, կամ առավելագույնը 3 տարի ազատազրկմամբ), 308-րդ հոդվածի (pաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի (պատժվում է տուգանքով, կամ առավելագույնը 4 տարի ազատազրկմամբ) հատկանիշներով, իսկ Արեգնադեմի համայնքապետարանին վերաբերող դեպքի առթիվ՝ ՔՕ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործերն ողարկվել են Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն` նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: