Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Երևան-Նոյեմբերյան ճանապարհը մարտի 9-ին կարճ ժամանակով փակած մի խումբ տավուշցիների հետ հանդիպմանն ասել է, որ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները չպետք է փակվեն։ Այդ մասին ասվում է մարզպետի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Չոբանյանն արձագանքել է Տավուշի սահմանազատման աշխատանքների հետ կապված ապատեղեկատվությանը և պատասխանել բոլոր հարցերին, իսկ հանդիպման մասնակիցները շեշտել են, որ իրենց նպատակը քաղաքական չէ, այլ ուղղակի ցանկանում են համոզվել, որ սահմանները վտանգված չեն։
«Մարզպետը լիարժեք պարզաբանումներ է տվել սահմանային գոտու պահպանման սկզբունքների, առկա իրավիճակի, հնարավոր վտանգների վերաբերյալ։ Ճանապարհը փակելու վերաբերյալ մարզպետը խիստ դիրքորոշում է հայտնել առ այն, որ ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհները չպետք է փակվեն: Հանդիպման մասնակիցները նշել են, որ մարզպետի կողմից հայտնած մտքերի, մոտեցումների և սկզբունքների նկատմամբ առարկություններ և անվստահություն չունեն»,- ասվում է գրառման մեջ։
Մարտի 9-ին Տավուշի մարզի Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարահատվածը մոտ 30 րոպեով փակել էին մի խումբ քաղաքացիներ՝ պահանջելով Չոբանյանի հետ հանդիպում ու պարզաբանումներ, թե ինչու են ռուս խաղաղապահներ եկել մարզ: Քաղաքացիները նշել էին, որ ցանկանում են իմանալ, թե ինչ է տեղի ունենում մարզում ու արդյոք ճիշտ են լուրերը, թե GPS-ով սահմանազատումներ են լինելու։






