AM
10 Մարտ 2021 - 09:28 AMT

Նախագահի դիմումը մուտքագրվել է ՍԴ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով նախագահի դիմումը մուտքագրվել է Սահմանադրական դատարան։

«Եռօրյա ժամկետում պետք է որոշվի դիմումի համապատասխանությունը ՀՀ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին», – ասել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ դրանից հետո շարունակվելու է դիմումի նախնական ուսումնասիրության փուլը։

«Այն նախատեսում է 30 օրյա ժամկետ՝ դիմումն ստանալու պահից սկսած։ Նշված ժամկետում որոշվելու է դիմումի հետագա ճակատագիրը», – տեղեկացրել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը:

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին: Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում էր, որ այն ուժի մեջ կմտնի ավտոմատ: