AM
10 Մարտ 2021 - 13:02 AMT

Տեսչական մարմին․ Տրանսպորտում դիմակ չկրողները կտուգանվեն

Կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով վերսկսվել է վերահսկողությունը հանրային տրանսպորտի աշխատանքի հանդեպ: Համատեղ վերահսկողությունը կիրականացնեն ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և Ճանապարհային ոստիկանությունը։

Նշվում է, որ հասարակական տրանսպորտից օգտվող ուղևորները պարտադիր պետք է կրեն դիմակ, իսկ ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողներն ու ֆիզիկական անձինք տրանսպորտային միջոցի ուղեսրահում ունենան ախտահանիչ հեղուկ, ինչպես նաև սպասարկումն իրականացնեն միայն տրանսպորտային միջոցի նստատեղերի քանակով՝ բացառելով գերբեռնված երթևեկությունը։

«Այն ուղևորներն ու տնտեսավարողները, ովքեր չեն պահպանի վերը նշված անվտանգության կանոնները, օրենքով սահմանված կարգով կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասված է հայտարարության մեջ։

Վերահսկողական աշխատանքներն իրականացվելու են Երևանի տարբեր վարչական շրջաններում։

Հայաստանում մարտի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 175,538-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 340-ով: Վերջին շրջանում ՀՀ-ում աճում են ինչպես վարակի նոր դեպքերը, այնպես էլ փաստացի բուժվողների քանակը։