Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը չի կարծում, թե ԶՈւ ԳՇ պետ (որի պաշտոնավարումը, ըստ վարչապետի, արդեն ավարտվել է) Օնիկ Գասպարյանն իր որոշումը կայացրել է ճնշումների հետևանքով:
«Բնական է, որ իր հետ խոսել են, երևի հազար ու մի բան ասել, բայց իր որոշումները ես չեմ բացատրում որպես ճնշումների հետևանք: Ինքը որպես օրինապաշտ զինվորական իր որոշումն ընդունել է՝ ելնելով օրենքից», – ասել է Մանուկյանը, գրում է Aysor.am-ը։
Նա ընդգծել է՝ չի կարծում, թե Գասպարյանի վրա ճնշում գործադրելով կարելի է որևէ նպատակի հասնել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Օնիկ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։
Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։






