Մարտի 10-ին Հայաստանում 4285 թեստ է արվել, որոնցից դրական է եղել 748-ը, այս պահին ծավալված է բժշկական 9 կենտրոն և մոտ 100 ազատ մահճակալ է մնացել, ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Կորոնավիրուսի դրական թեստերի նման ցուցանիշ վերջին անգամ գրանցվել է 2020-ի դեկտեմբերի 22-ին։
Նախարարը նշել է, որ իրենք շարունակում են ծավալման աշխատանքները, բայց մահճակալների թիվն անսպառ չէ։ Նա հույս է հայտնել, որ իրավիճակը չի հասնի պացիենտների բուժումը տանը կազմակերպելուն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշել է, որ դրանից խուսափելու տարբերակը հակահամաճարակային կանոնների պահպանումն է։ Փաշինյանը հորդորել է անել ամենը, որ նախկին՝ առավելագույն ծավալման անհրաժեշտությունը չլինի։
Ավելի վաղ ԱՆ-ից հայտնել էին, որ վարակի դեպքերի թվի ավելացման միտում կա։ Նախարարը հորդորել էր Կառավարությանն անցնել համավարակից պաշտպանվելու կանոնների խստացման։






