AM
11 Մարտ 2021 - 08:25 AMT

ՄԻՊ․ Տեղաբաշխման հանձնաժողովը դատապարտյալների հարցերը լուծելու փոխարեն խնդիրներ է ստեղծում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի գործունեությունը դատապարտյալների համար առաջացնում է խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն, հայտարարել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ նշելով, որ այդ վիճակն անթույլատրելի է:

«Օրենսդրությունը պետք է հստակ կարգավորի, թե ինչ հանգամանքներ են հաշվի առնվում քրեակատարողական հիմնարկը, ինչպես նաև ուղղիչ հիմնարկի տեսակը (ռեժիմը) փոխելիս, և ինչ չափանիշներով է որոշվում մեկուսացվածության աստիճանի նպատակահարմարությունը: Սա պետք է հստակ լինի հենց դատապարտյալների համար, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան կանխատեսել իրենց կողմից դրսևորած վարքագծի հետևանքները՝ կապված ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու հետ»,- ասել են ՄԻՊ գրասենյակից։

Կառույցից նշում են, որ հանձնաժողովի գործունեության մասով առկա են օրենսդրական և գործնական խնդիրներ, մասնավորապես՝ պատժի կրման նպատակով ուղղիչ հիմնարկը որոշելիս կամ փոխելիս հաշվի չի առնվում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, տեղաբաշխման հանձնաժողովի որոշումները հիմնականում պատճառաբանված չեն։

«Քրեակատարողական օրենսդրությամբ հստակ կարգավորված չեն Տեղաբաշխման հանձնաժողովի գործունեության սկզբունքները և տեղաբաշխման հիմքում դրվող չափանիշները, օրինակ՝ ազատությունից զրկված անձի՝ մերձավոր ազգականներին հնարավորինս մոտ տեղաբաշխվելու առաջնայնությունը՝ որպես անձի վերասոցիալականացման կարևոր գործոն»,-հայտարարել են աշխատակազմից։

ՄԻՊ-ից հայտնում են, որ իրենք խնդրի մասին խոսել են նաև 2017, 2018 և 2019 թվականների գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցներում: Դրանք արտացոլվելու են նաև 2020 թվականի գործունեության վերաբերյալ զեկույցում: