Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում անցկացված հանրահավաքների ժամանակ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից՝ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը։
Այն ավարտվել է, և քրգործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Մանուկյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը), և որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Մարտի 9-ին Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ փետրվարի 26-ին Բաղրամյանում հանրահավաքի ժամանակ նրա կողմից հնչեցված կոչերով, որոնք, ըստ նախաքննական մարմնի, ևս պարունակում են իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու բռնի կոչեր:
Փետրվարի 20-ի հանրահավաքում Մանուկյանը հայտարարել էր, որ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:






