AM
11 Մարտ 2021 - 10:08 AMT

Հարցում. Հայաստանցիների միայն 9%-ն է ԼՂ հարցն առաջնահերթ համարում

44-օրյա պատերազմից մոտ 4 ամիս անց հայաստանցիների միայն 9%-ն է երկրի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, 12%-ն ամենակարևոր խնդիրը համարում է քաղաքական անկայունությունը, 11%-ը կարծում է, որ կարևոր է տնտեսության հարցը, մասնավորապես՝ գործազրկությունը։

Այս մասին փաստում են ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի 2021-ի փետրվարի 8-ից 16-ը (International Republican Institute – IRI) անցկացված սոցհարցման արդյունքները, որին մասնակցել է 18 տարեկանից բարձր 1510 հոգի։

Հարցվածների 97%-ի կարծիքով՝ Հայաստանի կառավարությունը պետք է կենտրոնանա ներքին տնտեսական խնդիրների, քաղաքական կայունության, սոցիալական հարցերի վրա։

Հարցմանը մասնակցածների 92%-ը համոզված է, որ Կառավարության ուշադրության կենտրոնում պետք է լինի նաև Արցախի բնակիչների անվտանգ վերադարձի ապահովումը։ 85%-ի կարծիքով՝ հրադադարի մասին համաձայնագրի վերանայման հարցին ևս կառավարությունը ուշադրություն պետք է դարձնի։

Միայն 14%-ն է կարծում, որ նոյեմբերի 10-ի համաձայնագրի ստորագրումից հետո կառավարությունը պետք է կենտրոնանա գերիների և անհետ կորածների վերադարձի խնդրի վրա։

45%-ի կարծիքով Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում, 31%-ը համոզված է, որ երկիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ 24%-ը չգիտի հարցի պատասխանը կամ հրաժարվել է պատասխանել։

Բնակչության շրջանում տիրող տրամադրությունների մասին հարցի պատասխանները գրեթե հավասարապես են բաժանված։

Հարցմանը մասնակցածների 25%-ը հուսով է, որ ապագան կլինի ինչ-որ չափով ավելի լավը, նույնչափ՝ 25%-ն ապագայի նկատմամբ անվստահություն, անհանգստություն, վախ ունի: 24%-ը հավատում է, որ ապագան անպայման ավելի լավը կլինի, ևս 24%-ը լրիվ հիասթափված է և չի հավատում վիճակի բարելավմանը։

Առաջիկա 1-4 տարվա ընթացքում իր ընտանիքի ապագան Հայաստանում է տեսնում հարցվածների 51%-ը, 15%-ն ընդհանրապես պագա չի տեսնում ՀՀ-ում։

Ընթերցեք նաև․ IRI․ ՀՀ-ում ՄԻՊ-ն ավելի բարձր վարկանիշ ունի, քան վարչապետի աշխատակազմը