Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով Օնիկ Գասպարյանին ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից ազատելուն, պարզաբանել է, որ ՍԴ-ն և վարչական դատարանը չեն կարող կասեցնել նրա ազատման հրամանագիրը, տեղեկացնում է Արմենպրեսը։
Նա ասել է, որ Սահմանադրական դատարանի կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների վրա, ինչպիսին ԶՈւ ԳՇ պետի ազատումն է՝ «կլինի դա հրամանագրով կամ իրավունքի ուժով, էական չէ»:
«Քննարկվող դեպքում, նախ պետք է արձանագրել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով վիճարկվող իրավական նորմի կասեցումը հնարավոր է միայն, եթե նման որոշում չկայացնելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար։ Սա չափազանց բարձր շեմ է, ինչը վերաբերելի դեպքում առերևույթ բացակայում է»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով հարցին, թե որոնք են վարչական դատարանի կողմից ԶՈւ շտաբի պետի կամ տեղակալի պաշտոնից ազատման հրամանագրի վիճարկման հայցը վարույթ ընդունելու հետևանքները և արդյոք այդ դեպքում համապատասխան ակտը համարվում է կասեցված, նախարարն ասել է, որ կասեցումը վերաբերում է կատարում ենթադրող ակտերին։
«Հնարավոր չէ կասեցնել այն ակտը, որը չի ենթադրում կատարում։ Հետևաբար, կարծում եմ, որ նման սցենարն էլ տեսականորեն անհնար է: ՀՀ վարչական դատարանի մի շարք որոշումներ կան, որտեղ վարույթ ընդունելիս չի քննարկվել կասեցման հարցը հենց վերը նշված պատճառով։ Իրականում, շատ պարզ հարց է․ եթե չկա կատարման պրոցես, ապա ինչը պետք է կասեցվի, սա ցանկալի արդյունքի համար իրավական նորմերի մեկնաբանությունը «հարմարեցնելու» արդյունք է»,- նշել է Բադասյանը։
Խոսելով տարբեր իրավաբանների այն պնդումների մասին, որ այդ ակտը (հրամանագիրը) առ ոչինչ է և կարող է չկատարվել՝ նախարարն ասել է, որ այստեղ նույնիսկ մեկնաբանությունն է ավելորդ։
«Պետք է ընդամենը կարդալ ինչ է նշանակում առ ոչինչ վարչական ակտ։ Կարծում եմ՝ սա ևս ցանկալի մեկնաբանություններ գտնելու և «հարմարեցնելու» արդյունք է»,- ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ի առավոտյան ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ հույս հայտնելով, որ որոշման կայացումն իրավական որոշակիություն կբերի և և կնպաստի ներկայիս ճգնաժամի հանգուցալուծմանը: Օնիկ Գասպարյանն իր հերթին հայտարարել է, որ իր դիրքորոշումն անփոփոխ է՝ և հայտարարությունը, և պաշտոնից ազատման ամբողջ գործընթացը հակասահմանադրական են, և որ ինքը դիմել է Վարչական դատարան։
Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։






