Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ, Ազգային հերոս Տիրան Խաչատրյանը պաշտոնից ազատվել է Սահմանադրության ու օրենքների բազմաթիվ ու կոպիտ խախտումներով, ըստ օրենքի՝ նրա ազատման հրամանը կասեցվում է, հայտնում են սպայի շահերը պաշտպաող TK & Partners իրավաբանական ընկերությունից։
Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ է ընդունել ու նախնական դատական նիստի օր նշանակել ապրիլի 29-ը՝ ժամը 11։00-ին:
«Հայտնում ենք նաև, որ Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն՝ դատարանի կողմից հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը (ՀՀ նախագահի հրամանագիրը) մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Օրենքի շրջանակում անելու ենք ամեն ինչ, որ խնդրո առարկա ազատման հրամանագիրը դատական կարգով անվավեր ճանաչվի», – ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։
Մարտի 4-ին հայտնի դարձավ, որ Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ:
Փետրվարի 24-ին Խաչատրյանն ազատվել էր ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։






