Անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ մարտի 11-ին ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ անհետ կորածների ծնողների հանդիպմանը որոշվել է, որ պատվիրակություն կմեկնի Արցախ գերիների վերադարձի գործընթացի իրականացման նպատակով։
Մարտի 11-ին Արսեն Ղուկասյանն իր ավտոմեքենայով փակել էր ՊՆ մուտքը և, որի կոչին արձագանքելով, նրան էին միացել մյուս անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները։ Ավելի ուշ տեղի է ունեցել նրանց հանդիպումը ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանի հետ, որին, սակայն, Արսեն Ղուկասյանն անձամբ չի մասնակցել։
Ղուկասյանը, հղում անելով հանդիպման մասնակցած ծնողներին, հույս է հայտնել, որ 30 գերի, որոնց մասին ասվում էր, որ նրանց ազատելու նախնական պայմանավորվածություն կա, կվերադառնա տուն։
Նա տեղեկացրել է նաև, որ ՊՆ-ում ծնողներին խոստացել են, որ առաջիկայում Արցախում ծառայող զինծառայողներին տեղափոխելու են Հայաստան։
Նա տեղեկացրել է, որ ինքը մարտի 12-ին մեկնելու է Արցախ՝ տեղում հասկանալու իրավիճակը։
Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ։






