Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գնահատում է ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանի կողմից քաղաքական ճգնաժամից դուրս գալու նպատակով փոխզիջումների որոնման հարթակի տրամադրումը, հայտարարել է նրա մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Նա նշել է, որ առաջին նախագահը ողջունում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության «սկզբունքային դիրքորոշումն ու հետևողական քայլերը՝ ճգնաժամը բացառապես փոխզիջումների հիման վրա լուծելու ուղղությամբ»:
«Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ ողջախոհությունը վերջիվերջո կհաղթի, և Հայաստանը կխուսափի անդունդ գլորվելու վերահաս սպառնալիքից»,- գրել է Մուսինյանը։
Նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 10-ին հայտարարել էր, թե շարունակվող քաղաքական ճգնաժամի փոխըմբռնելի լուծումներ գտնելու համար վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին և «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներին մարտի 13-ին սպասում է նախագահականում։
Հանդիպման հրավերը ընդունել են խորհրդարանի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանն» ու իշխանական «Իմ քայլը»: «Հայրենիքի փրկության շարժումը» նույնպես ընդունել է նախագահի հանդիպման հրավերը՝ առաջադրելով իր օրակարգը։






