Մարտի 12-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ավստրիացի իր պաշտոնակից Ալեքսանդր Շալենբերգի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է Ադրբեջանի կողմից նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների չկատարումը, մասնավորապես՝ ռազմագերիների և պահվող այլ անձանց հայրենադարձման մասով:
Տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի համատեքստում Այվազյանն ավստրիացի իր գործընկերոջը ներկայացրել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությունը, դրա բարելավման առումով ընդգծվել է միջազգային գործընկերների ներգրավվածության անհրաժեշտությունը։
Այվազյանը և Շալենբերգը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պատմամշակութային ժառանգության և պաշտամունքի վայրերի պահպանման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Անդրադառնալով ԵԱՀԿ տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներին՝ երկուստեք մտահոգություն է հայտնվել զինյալ ահաբեկիչների և վարձկանների նեգրավման և տեղափոխման վերաբերյալ։ Այս առնչությամբ կարևորվել է տարածաշրջանային և միջազգային կազմակերպություններում համագործակցությունը։
Հայաստանի և Ավստրիայի ԱԳ ղեկավարները կարևորել են ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող հարցերի և ԱլԳ առաջիկա միջոցառումների ժամանակացույցի շուրջ: Նախարար Այվազյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ իրականացումը նոր հնարավորություններ կստեղծի ինչպես ԵՄ, այնպես էլ ԵՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացման և նոր ուղղությունների ուրվագծման համար։
Ադրբեջանում պահվող հայ գերիների ստույգ թիվը հայտնի չէ։ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Ադրբեջանում ամենամոտավոր հաշվարկներով 200-ից ավելի գերավարված հայ կա, այդ թվում՝ կանայք։