Երևանի Վերոնիկա Գևորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը, որի շենքն ու հողատարածքը 2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը, վերադարձվել է համայնքին, փոխանցում է «Հայկական ժամանակը»:
Բարեգործական ՀԿ-ի անվամբ՝ պայմանագրով գրանցված անհատույց օգտագործման իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել 2019-ին։
Քաղաքապետարանից նաև հիշեցրել են, որ ժամանակին վարձակալության հանձնված այդ գույքը համայնքային սեփականություն է, դիտարկվում է այն կրկին որպես մանկապարտեզ վերագործարկելու հնարավորությունը:
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին առնչվող ՀԿ-ն ժամանակին պարտավորվել էր մանկապարտեզն ապահովել գույքով և սարքավորումներով, հոգալ մանկապարտեզ հաճախող երեխաների սննդի, հանգստի ծախսերը, լուծել աշխատակիցների աշխատավարձի խնդիրները: Բայց անցած տարիների ընթացքում կրթական հաստատությունը լուծարվել է, շենքը՝ անգործության մատնվել։






