AM
16 March 2021 - 09:35 AMT

ԵԱՀԿ նախագահ․ Հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտա առաջ գնալ կոնֆլիկտի գործընթացում

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Արցախում հրադադարի համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ կոնֆլիկտի գործընթացում։

Նա նշել է, որ տարածաշրջանային իրավիճակը փոխվել է նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնագրից հետո, տեղեկացնում է Aysor.am-ը։

«Ես ողջունում եմ հրադադարը։ Եռակողմ համաձայնագրի լրիվ իրականացումը հիմք կտրամադրի առաջ գնալ կոնֆլիկտի գործընթացում», – ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Նա ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքն ու ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում։

«Մի քանի հարց դեռ կարոտ է լուծման։ Այս փուլում կարևոր է նաև հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ մարդասիրական իրավունքը», – ասել է նա։

Լինդեն նշել, թե բոլոր կողմերին կոչ է անում հարցերը լուծել խաղաղ ճանապարհով։

Այվազյանը Լինդեի հետ հանդիպման արդյունքներով մամուլի համար հայտարարությունում նշել է, որ ԼՂ հակամարտության վերջնական քաղաքական լուծումը հնարավոր է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Եռակողմ հայտարարությունը դիտարկում ենք որպես հրադադարի վերականգնմանը և անվտանգության վերահաստատմանն ուղղված փաստաթուղթ: Թեև այն պարունակում է խաղաղ կարգավորմանն առնչվող որոշ դրույթներ, սակայն այն չի հասցեագրում դրա առանցքային տարրերը, որոնցից առաջնային է Արցախի կարգավիճակի հարցը՝ հիմնված արցախահայության ինքնորոշման իրավունքի վրա», -ասել է Այվազյանը: