AM
16 Մարտ 2021 - 12:22 AMT

ԱԱԾ փոխտնօրեն․ Միայն մեկ ֆեյքով չենք զբաղվում, մեդիադաշտում ագրեսիվ ստեր են տարածվում

«Գագիկ Սողոմոնյան» ֆեյսբուքյան էջն օգտագործողներին փնտրելիս Ազգային անվտանգության ծառայությունը բացարձակ սխալ ուղղությամբ չի գնացել, էջին մուտքի թույլտվություն ունի մի քանի անձ, հայտարարել է ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։

«Էջ մուտք գործելու թույլտվություն ունի մի քանի անձ և տպավորություն է ստեղծվում, որ էջը շարունակում է գործել որպես «Գագիկ Սողոմոնյան» առանձին անհատ: Այդ գործով նախաքննություն է ընթանում և ամբողջ շրջանակը պարզ կլինի նախաքննության ընթացքում»,- ասել է Հարությունյանը՝ ընդգծելով նաև, որ չեն կենտրոնացել մեկ ֆեյքի վրա, զբաղվում են նաև այլ ֆեյքերով։

Արձագանքելով դիտարկմանը, թե նախկինում ԱԱԾ մեկուսարանում եղել են պետության համար լուրջ վտանգ ներկայացնող հանցագործներ, իսկ այժմ կառույցը զբաղվում է ֆեյքերով` Հարությունյանը նշել է, որ խնդիրը մեկ ֆեյքով չի սահմանափակվում։

«Խնդիրը նրանում է, որ մեդիադաշտում ունենք բավականին ագրեսիվ ստի տարածման փորձեր։ Ակնհայտ ստեր են տարածվում ագրեսիվ ձևով։ Դրանցից մեկն էլ` «Գագիկ Սողոմոնյանը», առանձին խնդիր էր»,- ասել է նա։

«Գագիկ Սողոմոնյան» կեղծ օգտահաշվից պարբերաբար իշխանության ներկայացուցիչների հասցեին հնչում են վիրավորական արտահայտնություններ։ Ավելի վաղ այդ էջը վարելու կասկածով ձերբակալվել էին, ապա ազատ արձակվել նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը։ Դրանից հետո ֆեյքը շարունակել է գրառումներ կատարել, Սաղաթելյանը, Բեքարյանը և Ավագյանը հայտնել էին, թե այդ անձին չեն ճանաչում։ Ֆեյքը վարելու կասկածով ձերբակալված բոլոր անձինք այժմ ազատ են։