Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն չի մասնակցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին, PanARMENIAN.Net-ին ասացին Մայր աթոռից։
Էջմիածնից փորձել էինք ճշտել՝ արդյոք Վեհափառը տեղյակ է Հիմնադրամի՝ մարտի 16-ի հայտարարությունից, որտեղ նշվում է, որ պատերազմի ընթացքում հանգանակված միջոցները նպատակային են ծախսվել և արդյոք նա ստորագրում է դրա տակ։
Մայր աթոռից միայն արձագանքել են, որ Գարեգին Բ-ն չի մասնակցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին։
Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը ևս անդրադարձել է Հիմնադրամի հայտարարությանն ու հաշվետվությանը՝ նշելով, որ միանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն տեսակետին, որ 52 մլրդ դրամն անհրաժեշտ է ձևակերպել որպես կառավարության պարտք Հիմնադրամին։
Մարտի 15-ի նիստից հետո Քոչարյանը հայտարարել էր, թե Հիմնադրամից կառավարությանը փոխանցված 52 մլրդ դրամի մասով հաշվետվության խնդիր կա։ Նրա խոսքով՝ վարչապետը միանշանակ հայտարարել է, որ այդ գումարը մուտքագրվել է բյուջե, անհնար է հստակեցնել, թե ինչի վրա են ծախսվել բարեգործական նպատակով հանգանակված միջոցները։
Երկրորդ նախագահը հիշեցրել է, որ Հիմնադրամի հետ պայմանավորվածության համաձայն, կառավարությունը պարտավոր է տրամադրել ստացված միջոցների վերաբերյալ հաշվետվություն:






