AM
18 Մարտ 2021 - 08:18 AMT

Մասնագիտական կողմնորոշումից մինչև անձնական օգնականի ծրագիր․ Սոցաջակցություն՝ պատերազմից հաշմանդամություն ստացածներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է զինծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց՝ հասարակական կյանքում ներառվելուն նպաստող սոցիալական, զբաղվածության, առողջապահական, մշակութային, կրթական և տնտեսական ծրագրեր և միջոցառումներ, նախատեսվում է սկզբնական փուլում այդ նպատակով ստեղծել անկախ կյանքի կենտրոն՝ 6 մարզում։

Նախարար Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է արցախյան վերջին պատերազմի հետևանքով և առհասարակ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց հիմնական իրավունքները պաշտպանելու և նրանց սոցիալական ներառումն ապահովելու անհրաժեշտությունից։

«Ծրագրով մշակվել են գործողություններ՝ ուղղված զինծառայության հետևանքով համանդամություն ձեռք բերած անձանց սոցիալական ներառման և անկախ կյանքի ապահովմանը՝ սոցիալական, զբաղվածության, առողջապահական, մշակութային, կրթական և տնտեսական ծրագրեր և միջոցառումներով։ Միջազգային լավագույն փորձի վրա նախատեսվում է ստեղծել անկախ կյանքի կենտրոններ, որտեղ ծառայություններ կմատուցվեն հաշմանդամություն ձեռք բերածներին։ Այդ կենտրոնում կիրականացվեն մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման, ինքնուրույն կեցավարման, անձնական օգնականի ծրագրեր»,- հայտարարել է նա։

Ըստ նախարարի՝ ՀՀ-ում առաջին փուլում այդ կենտրոնները 6 մարզում կստեղծվեն՝ հաշվի առնելով հաշմանդամություն ունեցողների թիվը։

Առաքելյանը նշել է նաև՝ զինծառայողների միջավայրն ու անհատական այլ խնդիրներ կարող են խոչընդոտել ինքնուրույն կյանք վարելուն, իսկ սոցիալական ներառման միջոցառումները դեռ բավարար չեն հասարակական կյանքում լիարժեք մասնակցություն ապահովելու համար։

PanARMENIAN.Net-ին նախարարությունից հայտնեցին, որ մարտի 17-ի դրությամբ 44-օրյա պատերազմի ժամանակ վիրավորում ստացած 826 անձի համար հաշմանդամության խումբ է սահմանվել: Նրանցից 99-ը առաջին խումբ, 241-ը՝ երկրորդ, 486-ը՝ երրորդ։ Նախարարությունից հավելեցին նաև, որ պատերազմի պատճառով հաշմանդամության խումբ ստացածների թվում քաղաքացիական անձինք ու զինծառայողները տարբերակված չեն։

Նախարարը, խոսելով պատերազմում վիրավորված և պրոթեզավորման կարիք ունեցող զինծառայողներին անհատական պրոթեզների դրամադրումից՝ նշել է, որ գործընթացը շարունակվում է, իսկ պրոթեզներ ձեռք բերելիս գնային որևէ սահմանափակում չի լինելու՝ դրանք ձեռք են բերվելու ըստ զինծառայողի անհատական կարիքի։