Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին, նա պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և պարտավորեցնել վճարել 2 մլն դրամ փոխհատուցում, փոխանցում է «Հայկական ժամանակը»։
Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանի խոսքով՝ հայցի պատճառը Փոստանջյանի՝ փետրվարի 8-ին արած հայտարարությունն է: Հունանյանի խոսքով՝ ըստ հայցադիմումի՝ զրպարտությունն այն է, որ Փաշինյանն ու նրա տիկին Աննա Հակոբյանը ստացել են հողերը հանձնելու վերաբերյալ գումարներ, նրանք հանդիսանում են գործակալ, նախորդ իշխանությունը հայցվորին բերել, մտցրել է խորհրդարան:
Փոստանջյանը, մասնավորապես ասել էր, թե Փաշինյանի ու իր կնոջ «երազանքը հողերը հանձնելն էր»։
«Այս մարդիկ դրա մասին գրել են, դրա ներքո հավաքագրվել են, դրա վերաբերյալ, այդ գործարքը անելու վերաբերյալ գումարներ են ստացել: Հետևաբար, այս մարդկանց հետ ո՞ւր պետք է գնայի: Բայց ամենակարևոր խնդիրը այն է, որ այս մարդկանց վերաբերյալ, նրանց գործակալ լինելու վերաբերյալ, այդ գաղտնիքը, նաև մատչելի է եղել նախորդ իշխանությանը: Հետևաբար այդ նախորդ իշխանությունը ինչո՞ւ է այս մարդուն բերել, մտցրել խորհրդարան»,-հայտարարել էր նա։






