AM
18 March 2021 - 11:08 AMT

Yerevan Today․ Օնիկ Գասպարյանը ժամը 8։30-ից իր աշխատասենյակում է

ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մարտի 18 -ի առավոտյան 8։30-ից իր աշխատասենյակում է և բնականոն աշխատանքային ռիթմի է անցել: Այդ մասին հայտնել է Գասպարյանի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խարչատրյանը, տեղեկացնում է Yerevan Today-ը։

Խարչատրյանը գտնվում է հոսպիտալում՝ առողջական խնդիրների պատճառով։

ՀՀ վարչական դատարանը Մհեր Պետրոսյանի նախագահությամբ կասեցրել է Գասպարյանի պաշտոնանկությունը՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Ըստ դատարանի որոշման՝ նա պետք է շարունակի պաշտոնավարել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը հանդես է եկել պարզաբանմամբ ՀՀ վարչական դատարանի որոշման կապակցությամբ, ըստ որի ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը՝ նշելով, որ Գասպարյանն ազատված է պաշտոնից։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին: Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում էր, որ այն ուժի մեջ է մտել ավտոմատ: Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։