ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի կասեցումներին որոշ երկրներում, ասել է, որ ուշադիր հետևում են այդ գործընթացին։ Նա հավելել է, որ ՀՀ-ն շարունակելու է բանակցությունները AstraZeneca-ի մասով՝ հիմնվելով մասնագիտական միջազգային կառույցների վերլուծությունների վրա։
«Մի շարք երկրներ ժամանակավորապես AstraZeneca պատվաստանյութի որոշ խմբաքանակերի օգտագործումը կասեցրել են, որպեսզի պարզեն՝ պատվաստումից հետո ի հայտ եկած բարդությունները կապ ունե՞ն պատվաստանյութի հետ, թե՝ ոչ։ Եվ մենք շատ ուշադիր հետևում ենք այդ գործընթացին։ Եթե ապացուցվի պատճառա-հետևանքային կապը, ապա մենք ինքներս էլ կձեռնարկենք անհրաժեշտ միջոցներ՝ մեր հետագա բանակցությունների համար»,- ասել է նախարարը, տեղեկացնում է Panorama.am-ը։
Նա նշել է, որ AstraZeneca պատվաստանյութի որոշ խմբաքանակներին է վերաբերում պատվաստումների կասեցումը, իսկ Հայաստանն այս պահին այդ պատվաստանյութը չի օգտագործում։
«Այս պահին մենք չունենք նման պատվաստանյութ, և սպասում ենք մասնագիտական գնահատականներին։ Բայց Հայաստանում արդեն իսկ սկսվել են պատվաստումները, և մենք իրականցնում են ռիսկային խմբում գտնվողների և բուժաշխատողների պատվաստումները՝ Sputnik V-ով։ Ինչ վերաբերում է AstraZeneca-ին, ապա մենք շարունակելու ենք բանակցությունները՝ հիմնվելով մասնագիտական միջազգային կառույցների վերլուծությունների վրա։ Չի բացառվում, որ կառավարությունը AstraZeneca կպատվիրի, ընթացքը ցույց կտա»,- ասել է նախարարը։
Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Հայաստանը պատրաստվում է ունենալ պատվաստանյութի մի քանի տարբերակ, ԱՆ մասնագիտական խորհուրդն ուսումնասիրում է լրահոսը, վերլուծությունները, ըստ որի էլ ապագայում կիրականացվեն պատվերները։
«Մենք մեր ռիսային խմբերին աստիճանաբար խմբաքանակների ներկրմանը համընթաց նեգրավելու ենք պատվաստման գործընթացներում»,- նշել է նա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Եվրոպայի դեղամիջոցների գործակալույունը (EMA) կապ չեն հայտնաբերել կորոնավիրուսի դեմ կիրառվող AstraZeneca պատվաստանյութի և տրոմբերի առաջացման միջև։
ԵՄ-ում և Մեծ Բրիտանիայում արդեն 17 մլն մարդ է պատվաստվել AstraZeneca պատվաստանյութի դեղաչափով։ Վերջին օրերին պատվաստվածների մոտ տրոմբերի առաջացման մոտ 40 դեպք է գրանցվել։ Ըստ ЕМА-ի, դա ավելի չէ, քան ընդհանուր առմամբ բնակչության շրջանում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանը ևս ձեռք է բերելու AstraZeneca-ի պատվաստանյութը։ Պատվաստվելու է բնակչության 3 տոկոսը։ Նախատեսվում է, որ առաջին փուլում կպատվաստվեն ծերանոցների բնակիչները, բուժաշխատողները, սոցկենտրոնների աշխատակիցներն ու 65-ն անց անձինք, ինչպես նաև 16-34 տարեկան քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ։






