AM
18 Մարտ 2021 - 11:24 AMT

Սերժ Սարգսյան․ Արցախը, կամ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

Արցախը, կամ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հայտարարել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պահանջելով իշխանության հեռացումը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

«Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ Արցախի կարգավիճակը լուծված է, լինեն Հայաստանի ներսում, թե ՀՀ-ից դուրս, պետք է հասկանան, որ Արցախը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է Արցախից, երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,- ասել է նա։

Սարգսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարան էր եկել՝ մասնակցելու իր դեմ դիզելի գործով հարուցված քրգործի հերթական դատական նիստին։ Դատարանի բակում հավաքվել էին նրա աջակիցները, նրանք արդար դատաքննություն և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էին պահանջում։

Նրա խոսքով՝ մի ամբողջ «արյունալի պատերազմ է պահանջվել՝ հսկայական զոհերով և հայրենազրկմամբ, որպեսզի ժողովրդի աչքերը բացվեին, մարդիկ հասկանային այս իշխանության մտադրություններն ու էությունը»:

Սարգսյանը նշել է, թե հնարավոր չէր ողբերգությունը կանխել, բայց ինքը տեսնում է դրանից դուրս գալու ճանապարհը, Սարգսյանի ձևակերպմամբ՝ «կապիտուլյանտները պետք է հեռանան», պետականամետ կառավարություն պետք է ընտրվի։

«Երկու տարի առաջ կարվեց մի քրեական գործ, որի շրջանակում ինձ անհեթեթ մեղադրանք առաջադրվեց և գործն ուղարկվեց դատարան։ Հիշո՞ւմ եք` անցյալ տարի հենց այստեղ ասացի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ոմանք չհասկացան, թե ինչու չեմ խոսում իմ դեմ գործի մասին, այլ խոսում եմ ազգային խնդիրների մասին։ Ոմանք տարակուսեցին, իսկ ոմանք էլ նույնիսկ փորձեցին հեգնել։ Բայց մենք ձեզ հետ միասին զգում էինք, թե ինչի համար են այս հետապնդումները»,–ասել է Սարգսյանը։

Նրա բնորոշմամբ՝ «այդ հետապնդումները» 2018-ից ՀՀ-ում մեկնարկած «հակաղարաբաղյան գործողությունների շղթայի մի մասն են, որոնց նպատակն էր վարկաբեկել Արցախյան պայքարի ակունքներում կագնածներին, թաղել Ղարաբացի հարցը»։

Սարգսյանը հայտարարել է նաև, որ շարունակելու են պայքարը, սակայն նա հրաժարվել է պատասխանել լրագրողների` արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցերին։