Հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել վարչապետ Փաշինյանի հետ և քննարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման հարցը։ Վարչապետը, ի պատասխան սեղմ ժամկետներում ընտրությունների կազմակերպման մեր պահանջի, առաջարկել է հունիսի 20-ը քննարկել որպես ընտրությունների օր` վերջնաժամկետ։
Իմ կողմից նշվել է, որ սկզբունքային է ընտրությունների անցկացումը սեղմ ժամկետում և դրանք մինչև աշուն կամ 2023 թվականը չթողնելը։ Հետևաբար, հայտնել եմ, որ 2021 թվականի հունիսի 20-ը, որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, մեզ համար ընդունելի է», – ասվում է գրառման մեջ։
Վարչապետը հայտարարել է, որ հունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։
Մարտի 13-ին նախագահը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ էր կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Նախագահը հանդիպել է նաև ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների, ՀԴԿ նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի և այլ քաղաքական ուժերի հետ։ Հայրենիքի փրկության շարժումը կարծում է, որ նախ պետք է հրաժարական տա Փաշինյանը, ազգային համաձայնության կառավարություն ստեղծվի, որը 1 տարուց ԱԺ ընտրություններ կկազմակերպի։






