AM
18 Մարտ 2021 - 12:42 AMT

Վազգեն Մանուկյանը ԶՈւ-ին կոչ է արել «չենթարկվել որևէ ապօրինի հրամանի»

Հայրենիքի փրկության շարժման թեկնածու Վազգեն Մանուկյանը Զինված ուժերին կոչ է արել անշեղորեն առաջնորդվել օրենքով՝ դատարանի որոշմամբ, «չենթարկվել որևէ ապօրինի հրամանի և շարունակել իրականացնել իր սահմանադրական առաքելությունը»։

Մանուկյանը հայտնել է նաև, որ եթե դատախազությունը քրգործ չհարուցի, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակի «հակապետական և ապօրինի գործողությունները», ապա իրենց շարժումը կձեռնարկի իրավիճակին համապատասխանող բոլոր անհրաժեշտ քայլերը։

Վարչական դատարանն ընդունել էր միջանկյալ որոշում, ըստ որի գլխավոր շտաբի պետ Գասպարյանը մնում է իր պաշտոնին՝ մինչև դատական վերջնական ակտի ընդունումը։ Դատարանն անվավեր է ճանաչել Գասպարյանի պաշտոնանկությունն առանց համապատասխան վարչական արձանագրության ու ժամանակավորապես բավարարել է հայցը։ Դրան հետևել էր կառավարության պարզաբանումը, որտեղ նշվում է, որ Օնիկ Գասպարյանի ազատումը, թեկուզ առանց նախագահի հաստատման, վավերական է իրավունքի ուժով։ Ըստ կառավարության հաղորդագրության՝ Սահմանադրությունն այսպիսի դեպքերում հակառակ որոշում չի նախատեսում։

«Վարչապետի աշխատակազմի «պարզաբանումն» ուղղակի կոչ է՝ չենթարկվելու դատարանի կայացրած ակտին, ինչը քրեորեն պատժելի արարք է: Այս առնչությամբ ՀՀ դատախազությունը պարտավոր է հարուցել քրեական գործ: Փաշինյանն ու իր վարչախումբն այս քայլով հերթական անգամ իրենց դնում են Սահմանադրությունից և օրենքից դուրս՝ ևս մեկ հարված հասցնելով երկրի սահմանադրական կարգին»,- հայտարարել է Մանուկյանը։

Ավելի վաղ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրան հաջորդեց Փաշինյանի հայտարարությունը, թե ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել և ուղարկել նախագահ Արմեն Սարգսյանին։ Վերջինս առարկություններով վերադարձրեց ազատման հրամանագրի նախագիծը, իսկ վարչապետն այն կրկին ուղարկեց նախագահին: Արդյունքում Սարգսյանը կրկին չստորագրեց հրամանագիրը, ինչը, նշանակում էր, որ այն ուժի մեջ է մտել ավտոմատ: Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ԳՇ պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու վերաբերյալ։

Ընթերցեք նաև․ Վարչապետի աշխատակազմ․ Օնիկ Գասպարյանն ազատված է ԳՇ պետի պաշտոնից