AM
18 Մարտ 2021 - 14:03 AMT

Աշոտյան. Փաշինյանը արտահերթ ընտրությունների օրակարգն «առաջ է մղում որպես դավաճանությունը լեգիտիմացնելու փորձ»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել է, որ վերջինս «արտահերթ ընտրությունների օրակարգն առաջ է մղում որպես դավաճանությունը լեգիտիմացնելու փորձ»։

Նա հիշեցրել է՝ ՀՀԿ-ն հայտարարել է, որ Փաշինյանի հետ որևէ քաղաքական գործընթացի մեջ չի մտնելու, գրում է Aysor.am-ը։

«Այս կեղծ օրակարգը Փաշինյանի համար դարձել է արհեստական։ Նա այդ օրակարգն առաջ է մղում որպես դավաճանությունը լեգիտիմացնելու, ժողովրդի խղճի վրա հայրենազրկումը թողնելու համար։ Եթե ընդդիմությունը բռունցք պահեց այնպես, ինչպես պահեց դեկտեմբերին, վստահ եմ, արտահերթ ընտրությունները Նիկոլի օրակարգով չեն լինելու», – ասել է Աշոտյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։

Մարտի 13-ին նախագահը հանդիպել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ էր կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը: Նախագահը հանդիպել է նաև ԼՀԿ և «Իմ քայլը» խմբակցությունների ղեկավարների , ՀԴԿ նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի և այլ քաղաքական ուժերի հետ։ Հայրենիքի փրկության շարժումը կարծում է, որ նախ պետք է հրաժարական տա Փաշինյանը, ազգային համաձայնության կառավարություն ստեղծվի, որը 1 տարուց ԱԺ ընտրություններ կկազմակերպի։