Գործող Ընտրական օրենսգրքով՝ «ռեյտինգային» ընտրակարգի պահպանմամբ արտահերթ ընտրությունների գնալն ընդամենը ծառայելու է խորհրդարանական կուսակցությունների կոնյունկտուրային շահերին և հրահրելու նոր քաղաքական ճգնաժամեր, հայտարարել է Հայ Ազգային կոնգրեսը` հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցնացնելու մասին լուրը մեկնաբանելիս։
«Իրադարձությունների այդօրինակ զարգացումը կլինի ոչ այլ ինչ, քան հասարակության թիկունքում հյուսված դավադիր գործարք։ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները ուղղակի պատասխանատվություն են կրելու Հայաստանի քաղաքական համակարգի առողջացմանն ուղղված ծրագրի ձախողման համար»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության դրված ԸՕ փոփոխությունների նախագիծը, որոշակի թերություններով հանդերձ, լուծում է ընտրությունները գաղափարական, «քաղաքական հիմքով անցկացնելու խնդիրը, քաղաքական համակարգն առավելապես զերծ պահելով գործող Ընտրական օրենսգրքի ընձեռած՝ ընտրակեղծարարության և ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի օգտագործման համակարգային հնարավորություններից։ Առանցքային նշանակություն ունի, հատկապես, անցումը պարզ համամասնական ընտրակարգի և, այսպես կոչված, «ռեյտինգային» համակարգի ապամոնտաժումը, որը ծրագրային հենքի վրա պայքարն ընտրություններում ըստ էության փոխարինում էր փողատերերի և կրիմինալ հեղինակությունների մրցակցության»։
«Վերահաստատելով մեր մշտական դիրքորոշումն առ այն, որ նախկին իշխանությունների կողմից զանգվածային ընտրակեղծարարության գործադրմամբ մեր հասարակությանը պարտադրված «մեծամասնական-ռեյտինգային» ընտրակարգը եղել է քաղաքական կոռուպցիայի և պետական ու քաղաքական համակարգերում ճգնաժամերի առաջացման հիմնական պատճառներից մեկը՝ ծառայելով որպես իշխանության վերարտադրության ապահովման կարևորագույն գործիք, կտրականապես մերժում ենք այդ օրենքով ընտրություններ անցկացնելու որոշումը», – ասվում է հայտարարության մեջ։






