AM
19 Մարտ 2021 - 08:57 AMT

Թովմասյան․ Տպավորություն է՝ Արցախը հանձնեցինք, պրծանք, որոշել ենք «Արցախի ձայնը» դառնալ

Ազգային ժողովի 3 պատգամավոր՝ Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը և Թագուհի Թովմասյանը միասին որոշել են ստեղծել «Արցախ» նախաձեռնությունը, այս մասին հայտարարել է պատգամավոր Թովմասյանը։

Նրա խոսքով՝ թեկուզ կարճաժամկետ ընթացքով, բայց իրենք ԱԺ-ում ուզում են լինել «Արցախի ձայնը»։

«Մենք մեծապես մոռացել ենք Արցախը, և այնպիսի տպավորություն է, որ հանձնեցինք, պրծանք։ Բայց այդպես չէ, մենք շարունակելու ենք Արցախը պահել մեր ուշադրության կենտրոնում»,- հայտարարել է պատգամավորը։

Թովմասյանը, Գրիգորյանը և Հովսեփյանը «Իմ քայլը» լքել են նոոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման հայտարարությունից հետո։

Պատգամավորը նշել է, թե իր կարծիքով` Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենալ։

«Մենք վստահ ենք, որ Արցախն է Հայաստանի անկախության երաշխավորը։ Հիմա Գեղարքունիքում ու Սյունիքում տեսնում ենք, թե որքան մեծ դեր ուներ Արցախը՝ մեր անվտանգության ու անկախության առումով, ու պետք է զբաղվենք այդ առաջնահերթ խնդրով»,- նշել է նա։

Թովմասյանի բնորոշմամբ՝ Արցախի հարցը կարծես ՀՀ խորհրդարանից դուրս է մղվել, և միայն մի պատգամավոր՝ Տարոն Սիմոնյանն է մի քանի անգամ խոսել Արցախի խնդրի մասին։