Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ հրապարակային վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն, ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարության մեջ։
Ֆահրադյանի ու Արշակյանի մասնակցությամբ միջադեպին ՄԻՊ արձագանքից հետո ՔՊ հիմնադիր անդամ, ՔՊ վերահսկող հանձնաժողովի անդամ Սարգիս Ալեքսանյանը սոցցանցում հայհոյանք պարունակող գրառում է արել ՄԻՊ-ի հասցեին՝ աջակցությունը հայտնելով ԲՏԱ նախարար Հակոբ Աշակյանին։ Գրառումը հավանել էր իշխող ֆրակցիայի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։
Ըստ Թաթոյանի, ՄԻՊ-ին ուղղված վիրավորանք, ատելություն և բացահայտ անհարգալից վերաբերմունք պարունակող հրապարակումներ կատարել են հանրային տարբեր պաշտոն զբաղեցնող անձինք։ Նա ընդգծում է, որ վիրավորական գրառումներին հավանումով աջակցություն են հայտնել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձինք (օրինակ՝ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ով ներկայում նշված կուսակցության անդամ է)։
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի կողմից լրագրողին հարվածելու միջադեպին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից:






