Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ջանքերի շնորհիվ հնարավոր դարձավ Դադիվանքի հոգևոր կյանքի ու անխաթար աստվածպաշտության և սահմանամերձ վանքերի անվտանգության ապահովումը։
Այդ մասին կաթողիկոսն ասել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ 1921 թ․ մարտի 16-ին Մոսկվայում ստորագրված պայմանագրի 100-ամյակի առիթով մարտի 18-ին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և ՌԴ մի խումբ առաջատար մասնագետների հետ հրավիրված կլոր սեղան-քննարկման մասնակիցների հետ հանդիպմանը։
Հայոց Հայրապետը մասնավոր անդրադարձ է կատարել գրավված և հանձնված տարածքներում Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական պատմական հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ որդեգրված ռազմավարությանը, մասնավորապես պատմական հուշարձանների և սրբավայրերի ավերման, անարգման ու պղծման, հայկական ինքնության ոչնչացման դեպքերին՝ հույս հայտնելով, որ այս երևույթները կարժանանան միջազգային հանրության, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից պատշաճ գնահատականի։
Նորին Սրբությունը ներկայացրել է նաև պատերազմի պատճառված վնասները, խոսել հայրենիքի կորստյան ցավի և առկա մարտահրավերների, միջազգային հանրության արձագանքի մասին։ Այս կապակցությամբ Հայոց Հովվապետն իր գնահատանքն է հայտնել ՌԴ իշխանությունների կողմից պատերազմական գործողությունների կասեցման և տարածաշրջանում խաղաղության վերահաստաման գործում ներդրած ջանքերի առնչությամբ՝ Արցախի շուրջ առկա խնդիրների հանգուցալուծման համար անհրաժեշտ նկատելով բանակցային գործընթացի վերականգնումը։
44-օրյա պատեազմից հետո Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանքը գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Ավելի վաղ ադրբեջանական աղբյուրները գրում էին, թե այնտեղ ուտի հոգևորական է որպես հովիվ նշանակվել, հայկական կողմից այդ լուրը հերքել էին՝ նշելով, թե հոգևորականը պարզապես այցելել է վանք։
Դադիվանքի նախկին վանահայր քահանա տեր Հովհաննես Հովհաննիսյանը կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Երևանի սբ Երրորդություն եկեղեցի։ Նա առողջական խնդիրներ ունի։ Մարտի 15-ին հայտնի դարձավ, որ Դադիվանքը նոր վանահայր ունի․ տեր Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։