AM
20 Մարտ 2021 - 13:18 AMT

Սյունիքի նախկին մարզպետն ու մի քանի համայնքապետեր կուսակցություն են հիմնադրել

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ է ընտրվել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Կուսակցության առաջին ասուլիսում նա հայտարարել է, որ իրենց կարգախոսն է՝ անվտանգության, արդարություն, աշխատանք։

«Պատահական չէ, որ անվտանգությունն առաջին տեղում է, համարում ենք սկզբունքային, քանի որ առանց անվտանգության հնարավոր չէ ոչինչ»,- ասել է նա։

Կուսակցության վարչության անդամների թվում են Սյունիքի տարբեր համայնքների ղեկավարները, գրում է Panorama.am-ը։

Պատերազմից հետո մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները պահանջել էին Փաշինյանի հրաժարականը։

«Սյունեցին ամեն օր իր կաշվի վրա զգում է՝ ինչ է նշանակում ապրել թշնամու անմիջապես կողքին, անցնել թշնամու դրոշի տակով ու տեսնել նրա զինվորականներին 2 մետր հեռավորությունից, ամեն օր լուծել խնդիրներ, որոնք կախված են պրովոկացիաների, ճանապարհների, հանձնված տարածքների հետ»,-ասել է Հակոբյանը։

Ինչ վերաբերում է կուսակցության անվանը և կարգախոսին, նա նշել է, որ «Վերածնվող Հայաստան», քանի որ Հայաստանն այսօր անհրաժեշտություն ունի վերածննդի բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, բանակ, կրթություն, «որ ոլորտին ձեռք են տալիս, փլված է»։

Նա նշել է, որ այս իշխանությունը երեք տարի անտաղանդ վարել է տնտեսական քաղաքականություն, ինչի հետևանքով ունեցել են տնտեսական անկումներ, արտաքին պարտքը 2.5 տարում ավելացել է 2.3 միլիարդով, սակայն դրա դիմաց ոչինչ չեն տեսել, բացի պարգևավճարներից։ Հակոբյանը նշել է, որ կորունավիրուսի դեմ տարված պայքարում էլ այս իշխանությունը տանուլ է տվել, նաև արտաքին քաղաքականությունն է տապալված։ Կուսակցության ղեկավարի խոսքով, այս իշխանության օրոք Հայաստանում ունեցել են պատմության ամենախայտառակ ու աղետալի իրադարձություններից մեկը՝ տանուլ տված պատերազմ։

«Ունենք ոչ ադեկվատ վարչապետ իր ենթակա թիմակիցներով, մի քանի գրպանի օլիգարխներ, որոնք փորձում են պահել այս վիճակը»,- ասել է Հակոբյանը։

Նա նշել է, որ իրենց շարժումը սկսվել է Սյունքից, բայց ունեն շատ համախոհներ, առաջիկայում կհրավիրեն կուսակցության համագումար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։