Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտարարել է, որ պրոթեզավորման ենթակա է մոտ 120 զինծառայող։ Այդ մասին նա ասել է Ազգային ժողովում Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ:
Նախարարը նշել է նաև, որ պատերազմում ծանր վիրավորվել է 500 անձ։
«Խոսքը վերաբերում է 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին, որից 1-ին խմբի հաշմանդամություն առկա է մոտ 150-ի մոտ, նրանցից պրոթեզավորման կարիք ունի մոտ 120-ը», – ասել է Առաքելյանը։
Նախարարը հավելել է նաև, որ մոտ 1000 անձի է տրվել հաշմանդամության խումբ։
Նա տեղեկացրել է, որ պրոթեզավորումն իրականացվելու է միջազգային չափանիշներին համապատասխան, արևմտյան երկրներից ձեռք բերվող պրոթեզների միջոցով։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց կտրամադրվեն առավել ֆունկցիոնալ, միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզներ։