Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
Քննարկվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, այդ թվում՝ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման ուղիներին առնչվող հարցեր:
Նախագահը հանդիպել է նաև Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամների հետ: Քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքին և արտաքին մարտահրավերները, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները:
Խորհրդի անդամները նշել են, որ համակարծիք են պատերազմից հետո ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ Հանրապետության նախագահի մոտեցումներին և նախագահական ինստիտուտը դիտարկում են որպես կայունացնող գործոն:
Ներկայացնելով իրենց տեսակետներն ու դիրքորոշումը՝ նրանք նշել են, որ իրավիճակի հանգուցալուծումը տեսնում են երկու փուլով՝ նախ, երկրում հաշտության մթնոլորտի ստեղծում և ժամանակավոր կառավարություն ձևավորում, որը պետք է կատարի կենսականորեն անհրաժեշտ անցումային քայլեր, հետո միայն՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ hունիսի 20-ին ՀՀ-ում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։Նա այդ մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո։ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել է, որ հունիսի 20-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր ընդունելի է ԼՀԿ համար։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ դեռևս փաստ չէ, որ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու, իսկ եթե տեղի ունենան կարող են լինել ոչ թե ելք ստեղծված իրավիճակից, այլ նոր ճգնաժամի սկիզբ։






